Վրաստանի՝ անազատության պայմաններում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել երկրի սահմանը ապօրինի հատելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ մարտի 17-ին, դատավոր Միխեիլ Ջինջոլիան հրապարակեց վճիռը։
Սահմանը ապօրինի հատելու համար Սաակաշվիլին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Քանի որ վրացական դատարանները նրան ընդհանուր առմամբ արդեն դատապարտել էին 9 տարվա ազատազրկման, դատավոր Ջինջոլիան հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։
Այս դատավճռով Սաակաշվիլին պետք է բանտում մնա մինչեւ 2034 թվականի ապրիլի 1-ը։
Սաակաշվիլին երեք գործով արդեն դատապարտվել է ազատազրկման։
- Առաջին դատավճիռը կայացվել է 2018 թվականի հունվարի 6-ին։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա դատապարտել էր երեք տարվա ազատազրկման Սանդրո Գիրգվլիանիի ծեծի գործով (դատապարտյալներին ներում շնորհելու եւ նրանց պատժաչափը կիսով չափ կրճատելու համար)՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
- 2018 թվականի հունիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան կրկին հեռակա կարգով դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլին 2005 թվականին ենթարկվել է հարձակման եւ ծեծի։ Այս գործով Սաակաշվիլին մեղադրվում էր պաշտոնական լիազորությունները բռնի չարաշահելու եւ առողջությանը դիտավորությամբ լուրջ վնաս պատճառելու համար։
- Վերջին դատավճիռներից մեկը կայացվել է 2025 թվականի մարտի 12-ին, երբ Սաակաշվիլին արդեն երեք տարի բանտում էր։ Նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար («բաճկոնների գործ»)։
Կա եւս մեկ գործ. Սաակաշվիլին մեղադրվում է նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության վրա 2007 թվականին հարձակվելու համար:
2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Ուկրաինայից գաղտնի ժամանած Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակվանից նա կալանքի տակ է։ Երկարատեւ հացադուլից հետո 2022 թվականի մայիսի 12-ին Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից նա տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, որտեղ շարունակում է բուժումը մինչ օրս։
Նորայր Միսկարյան