Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հորդորել է դիտարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։
«Նա ընդգծել է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ավարտի, այլ նաեւ քրիստոնյա հայ բանտարկյալների ազատ արձակման կարեւորությունը։ Ես հավատում եմ, որ Դուք լիովին համամիտ եք նախագահ Թրամփի վարչակազմի հետ այս առանցքային թեմայի շուրջ»,- ասվում է Գենսերի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Dear #Armenia #PrimeMinister @nikolpashinyan & #ForeignMinister @AraratMirzoyan @mfaofarmenia, please see this post from #President @realdonaldtrump’s #NSA @MikeWaltz47 — he emphasizes not only the need to finalize the peace treaty with #Azerbaijan but ALSO for the release of the…
— Jared Genser (@JaredGenser) March 16, 2025
Նախօրեին Ուոլցը X-ի էջում գրել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի՝ նշելով, որ անցնող շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ է խոսել։
«Ես նրան ասել եմ, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարտի 3-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին եւ վերականգնել նրանց արդար դատավարության իրավունքը։