Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրությունների են պատրաստվում: Մարտի 15-ից նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է: Մինչեւ մարտի 28-ի 24։00-ն քաղաքի ղեկը ստանձնելու համար հայտ ներկայացրած քաղաքական ուժերը կարող են առաջարկել իրենց ծրագրերը, համոզել, որ գյումրեցին հենց իրենց տա վստահության քվեն:
Մինչ կներկայացնենք, թե որ քաղաքական ուժերն են առաջադրված քաղաքը կառավարելու համար, հիշեցնենք, թե ինչու է Գյումրին արտահերթ ընտրությունների գնում:
Նոր քաղաքապետ ընտրելու պահանջն առաջացել էր 2024 թվականի աշնանը, երբ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ՝ մասնակցելու հոր ծննդյան 70-ամյակին: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է բուժման նպատակով:
Ձերբակալման պատճառը «հին» էր, մեկ անգամ արդեն ՀՀ քննչական կոմիտեի կողմից բացված-փակված գործի շրջանակում. Բալասանյաններն իրենց պաշտոնավարման տարիներին սեփականաշնորհել էին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասը, որը հատուկ պահպանվող, պատմական եւ մշակութային արժեք էր:
Երբ կրքերն այնքան են թեժանում, որ ձերբակալման հերթը հասնում է Սամվել Բալասանյանին, «Բալասանյան» դաշինքը թիմով՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, հրաժարականի դիմում է ներկայացնում, ավագանու անդամներն էլ վայր են դնում մանդատները:
Բալասանյանականները հեռացան լուռ, առանց բառ ասելու եւ պատճառները բացատրելու: Նրանցից այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ հեռանալը ճնշմա՞ն հետեւանքով էր, թե՞ վիրավորանքի:
Անղեկավար մնացած քաղաքը բազում դժվարություններ հաղթահարեց, բազում գործարքներ չեղարկվեցին, շատ նախագծեր տապալվեցին: Այդ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու որոշում կայացրեց, ինչի արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար դարձավ այն ժամանակ անկուսակցական, այժմ ՔՊ-ական Սարիկ Մինասյանը:
Գյումրի քաղաքի ավագանու ընտրություններին 9 քաղաքական ուժեր՝ 6 կուսակցություն, 3 դաշինք են մասնակցում: Մասնակից ուժերի հերթական համարների վիճակահանությունն արված է հետեւյալ հերթականությամբ՝
- 1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն.
- 2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն.
- 3. «Ապրելու երկիր» կուսակցություն.
- 4. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք.
- 5. «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն.
- 6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք.
- 7. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն.
- 8. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք.
- 9. «Իմ հզոր համայնք» կուսակցություն:
Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» ընտրապայքարի մեջ է մտել «Սարի պես Գյումրու թիկունքին» կարգախոսով, ամենամեծ՝ 99-հոգանոց ցուցակով: ՔՊ-ական պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դպրոցների տնօրենների եւ այլ կուսակցական անդամների ցանկը գլխավորում է Սարիկ Մինասյանը, որին հաջորդում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը: Ցուցակի առաջին կին թեկնածուն 3-րդ համարի ներքո Շիրակի մարզպետի աշխատակազմի նախկին աշխատակից Էմմա Բարսեղյանն է, որը նույնպես մասնակցել էր վարչապետի նախաձեռնած փրայմըրիզին: Ցանկի վերջին տեղում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է, որը այս պահին ղեկավարում է ՔՊ-ի նախընտրական շտաբը։
«Ե՛վ հույս, եւ՛ հավատ, եւ՛ սեր» լոզունգով երկրորդ քաղաքական ուժը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է: Թե ինչ կապ կարող է ունենալ հույսը, սերն ու, առավել եւս, հավատը կոմունիստական գաղափարախոսության հետ, պարզ է դառնում միայն այն ժամանակ, երբ իմանում ենք, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Նրան հաջորդում է դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը։ Թեկնածուի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը եւս 33-հոգանոց ցուցակի առաջին տեղերում է:
«Ապրելու երկիր» կուսակցությունը «Միասին հանուն Գյումրու» կարգախոսով հերթական երրորդ քաղաքական ուժն է: Ցուցակի առաջին համարը Գյումրի համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն է։ Կհաջողվի՞ նրանց կրկին Գյումրու ավագանու շարքերը համալրել, պարզ չէ:
«Մայր Հայաստան» դաշինքը, որի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները, ներկայանում է երիտասարդ գործարար Կարեն Սիմոնյանի դեմքով: «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսը որդեգրած 56 թեկնածուից բաղկացած թիմի երկրորդ համարը քաղաքագետ, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն է, երրորդը՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության անդամ Աննա Մուրադյանը:
5-րդ քաղաքական ուժի՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության թեկնածուն Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանն է, որը հայտնի էր որպես կարկառուն ՔՊ-ական, բայց վերջինիս վարչապետն արգելեց մասնակցել փրայմըրիզին: Արտյոմ Թումանյանը, սակայն, չհրաժարվեց քաղաքապետ դառնալու մտքից եւ «Հպարտ եմ, որ հայ եմ․ կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ» լոզունգով մտավ քաղաքական պայքարի մեջ։
Եվրադաշինքը Գյումրու ընտրություններում 6-րդ համարի ներքո է: Այստեղ ուժերը համատեղել եւ դաշինք են կազմել «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» եւ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Լեւոն Բարսեղյանն է:
Եվրադաշինքի ցուցակում են մանկավարժներ, բուժաշխատողներ, հեռուստարտադրողներ եւ այլք։
Գործարար, մարզիկ, Գյումրու ավագանու նախկին անդամ Արտյոմ Ղարաղազարյանը «Ճիշտ քաղաք» կարգախոսով գլխավորում է Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ընտրացուցակը: Նրանք 7-րդ հերթական համարի ներքո են:
8-րդ համարով «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքն է հանդես գալիս, որի կազմում եմ «Միացյալ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունները: Քաղաքապետի նրանց թեկնածուն ԱԺ պատգամավոր, անկուսակցական Մարտուն Գրիգորյանն է, կարգախոսը՝ «Քաղաք, որին արժանի ես դո՛ւ…»։ Ընտրացուցակում տեղ է գտել նաեւ Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:
Ավագանու անդամի 40 թեկնածուներից բաղկացած կազմով «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, վերջին՝ 9-րդ համարը՝ «Ես քո Գյումրին եմ» կարգախոսով։ Նրանց թեկնածուն պրոդյուսեր, ռեժիսոր, «Իմ հզոր» համայնք կուսակցության անդամ, գործարար Ռուբեն Մխիթարյանն է։ Առաջին կին թեկնածուն էլ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր-տնօրեն Սուսաննա Մկրտչյանն է։
Թեեւ ընտրապայքարի սկիզբը համարվում է մարտի 15-ը, բայց այն վաղուց է մեկնարկել: Քաղաքի բոլոր ցուցանակներից մարդկանց են ժպտում թեկնածուները, խոստանում անհոգ կյանք եւ բարեկեցիկ ապագա:
Գյումրիում ընտրողների թիվը 112 հազար 160 է։ Թե նրանցից քանիսը կմասնակցեն ընտրություններին, հայտնի չէ, բայց ընտրապայքարը թեժ է, եւ երբեմն հատում է թույլատրելի գծերը:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։