Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Այսօր տարածված հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք հայկական կողմին փոխանցելու պարագայում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն երեք անգամ հայտարարեց, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածի ուղղությամբ, որոնք Երեւանը կրկին հերքել էր։