ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն է կանգնած Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հայտնի նաեւ որպես հութիներ) հարձակումների հետեւում։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ նշելով, որ հարձակումների շարունակման դեպքում ԱՄՆ ԶՈՒ-ն չի սահմանափակվի միայն շարժման դիրքերին հարվածներ հասցնելով։
«Թույլ մի՛ տվեք, որ որեւէ մեկը ձեզ խաբի: Հարյուրավոր հարձակումներ, որոնք իրականացվել են հութիների՝ չարագործ այդ ավազակների եւ մարդասպանների կողմից, որոնք հիմնավորվել են Եմենում եւ ատելի են Եմենի ժողովրդի կողմից, բխել եւ ստեղծվել են Իրանի կողմից: Հութիների ցանկացած հետագա հարձակում կամ հակազդեցություն կդիմավորվի մեծ ուժով, եւ որեւէ երաշխիք չկա, որ այդ ուժը կանգ կառնի այդքանով։ Իրանը խաղում է սրիկա ահաբեկիչների անմեղ զոհի դերը, որի նկատմամբ կորցրել է իր վերահսկողությունը, բայց չի կորցրել վերահսկողությունը [հութիների նկատմամբ]»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հաջորդիվ հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կդիտարկի «Անսար Ալլահ» շարժման բոլոր հարձակումների համար՝ սպառնալով Իրանին «հետեւանքներով»:
Ինչպես պնդում էր Թրամփը, Իրանը «թելադրում է յուրաքանչյուր քայլ, տրամադրում է զենք, միջոցներ, բարձր տեխնոլոգիականերով հագեցված ռազմական տեխնիկա եւ, այսպես կոչված, հետախուզական տվյալներ»։
«Այսուհետեւ հութիների արձակած յուրաքանչյուր կրակոց կդիտվի որպես իրանական զենքի կրակոց՝ արձակված Իրանի ղեկավարության կողմից, եւ Իրանը պատասխանատվության կենթարկվի, կկրի հետեւանքներ, եւ այդ հետեւանքները կլինեն ծանր»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԱՄՆ զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին՝ թիրախավորելով հութիների ռազմական օբյեկտները։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ այս գործողությունը նպատակ ունի պաշտպանելու ամերիկյան շահերը եւ ապահովելու նավագնացության ազատությունը։
Ի պատասխան՝ հութիները Կարմիր ծովի հյուսիսային հատվածում երկու անգամ հարձակվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող «Հարրի Թրումեն» ավիակիրի վրա՝ օգտագործելով հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։
Հութիների կառավարության առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի հարվածների հետեւանքով Եմենում զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 98-ը։