Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 18-ի գիշերը տասնյակ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով բանակի մամուլի ծառայության հայտարարությանը։ Նշվում է, որ թիրախավորվել են ՀԱՄԱՍ-ի միջին մակարդակի հրամանատարները, շարժման քաղբյուրոյի անդամները եւ դրան պատկանող ենթակառուցվածքները։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ լայնածավալ հարձակումները վերսկսել են, երբ նկատել են, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները պատրաստվել են նոր հարձակումների Իսրայելի դեմ եւ փորձել են վերախմբավորվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարվածները հասցվել են, երբ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատանդներին ազատ արձակելուց։ Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ հարվածները շարունակվելու են այնքան ժամանակ, «քանի դեռ դա անհրաժեշտ կլինի»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրահանգել է հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին զինադադարի երկարաձգման եւ պատանդների ազատ արձակման բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով։ «Այժմ Իսրայելը գործելու է ՀԱՄԱՍ-ի դեմ՝ մեծացնելով ռազմական ուժը»,– նշված է Նեթանյահուի հայտարարության մեջ։ Իսրայելի իշխանությունները նշել են, որ գործողությունն անժամկետ է եւ, ըստ կանխատեսումների, կշարունակվի ընդլայնվել։
Reuters-ի հաղորդմամբ` Իսրայելը հարվածներ է հասցրել ամբողջ Գազայի հատվածին, այդ թվում՝ Գազա, Դեյր ալ-Բալահ, Խան Յունիս եւ Ռաֆահ քաղաքներին։ Գործակալությունը գրում է, որ թիրախավորվել է Գազա քաղաքի Ալ-Տաբիին դպրոցը, որտեղ ապաստանել էին Ալ-Դարաջ կենտրոնական շրջանից տեղահանվածները։ Ականատեսները հայտնել են գործակալությանը, որ իսրայելական տանկերը գնդակոծել են Գազայի հատվածի հարավային Ռաֆահի տարածքները, ինչի հետեւանքով տեղի բնակիչները լքել են իրենց տները եւ շարժվել դեպի հյուսիս՝ Խան Յունիս։ Al Jazeera-ի տվյալներով՝ ավիահարվածներից մեկը հասցվել է հարավային շրաջնում գտնվող Ալ-Մավասիի փախստականների ճամբարին։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը հաստատել է, որ Իսրայելը խորհրդակցել է ԱՄՆ վարչակազմի հետ մինչ հարվածներ հասցնելը։ «ՀԱՄԱՍ-ը կարող էր ազատ արձակել պատանդներին՝ զինադադարը երկարացնելու համար, բայց դրա փոխարեն ընտրեց մերժումն ու պատերազմը»,– հայտարարել է Հյուզը։
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ Թրամփը շարունակելու է աջակցել «բարեկամ ու դաշնակից Իսրայելին»։
«Ինչպես հստակ ասել է նախագահ Թրամփը, ՀԱՄԱՍ-ը, հութիները եւ նրանք, ովքեր ձգտում են ահաբեկելու ոչ միայն Իսրայելին, այլեւ Միացյալ Նահանգներին, պատասխան կտան դրա համար։ Նրանց համար դժոխք է լինելու»,- ասել է Լիվիթը (CNN-ի մեջբերումով)։
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը չեղարկել է գրեթե երկու ամիս գործող հրադադարի պայմանավորվածությունը, եւ որ Գազայի հատվածում մնացած 59 պատանդներին «սպասում է անորոշ ճակատագիր», գրում է Reuters-ը։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը՝ Իզզաթ ալ-Ռիշքը, CNN-ին ասել է, որ Իսրայելի ավիահարվածները «մահապատիժ» են մնացած պատանդների համար։
«Նեթանյահուի որոշումը՝ վերադառնալ պատերազմին, նշանակում է զոհաբերել գերության մեջ գտնվող պատանդներին եւ նրանց մահվան դատավճիռը կայացնել»,– հայտարարել է նա։ Ալ-Ռիշքը նաեւ հավելել է, որ Իսրայելը պատերազմով եւ ավերածություններով չի հասնի այն նպատակներին, որոնց նա չէր կարողացել հասնել բանակցությունների միջոցով։
Իսրայելի ավիահարվածների հետեւանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, իսկ ավելի քան 1000-ը վիրավորվել են, հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում երեխաներ կան։
Հրադադարը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ գործում էր հունվարի 19-ից։ Ժամանակավոր զինադադարի շրջանակում ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել 33 իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելը` բանտերից մոտ երկու հազար պաղեստինցի բանտարկյալների։ Հրադադարի առաջին փուլը, որը տեւել էր 42 օր, ավարտվել էր մարտի 1-ին։ Երկրորդ փուլի շուրջ բանակցություններ չէին սկսվել։ Հրադադարի ռեժիմը ուժի մեջ էր մնացել մոտ երկուսուկես շաբաթ՝ առաջին փուլի ավարտից հետո, երբ միջնորդները փորձում էին համաձայնության գալ այն երկարաձգելու նոր պայմանների շուրջ։