Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր արդեն երկրորդ անգամ է հերքում հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ընդգծում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հաղորդագրության մեջ եւս մեկ անգամ հիշեցվում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Նաեւ նշվում է, որ ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Երեւանին փոխանցելու պարագայում։
«Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»,- նշվում է գերատեսչության հայտարարության տեքստում։
Նշենք, որ մարտի 16-18-ն ընկած ժամանակահատվածում սա Հայաստանի պաշտպանության նախարարության արդեն յոթերորդ հերքող հայտարարությունն է։