Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազայի հատվածի կառավարության ղեկավարն ու շարժման չորս այլ նշանավոր ներկայացուցիչներ զոհվել են նախորդ գիշեր իսրայելական ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ Գազայի հատվածում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իսսամ ալ-Դալիսը զոհվել է իսրայելական օդային հարվածի հետեւանքով։ Բացի այդ՝ շարժման ներկայացուցիչները հաստատել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ սպանվել են նաեւ շարժման քաղաքական բյուրոյի անդամ Յասիր Հարբը, ներքին անվտանգության ծառայության ղեկավար Բահջաթ Աբու Սուլթանը, ՀԱՄԱՍ-ի կառավարության ներքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Աբու Վաթֆան, ինչպես նաեւ արդարադատության նախարարի տեղակալ Ահմեդ ալ-Խատտան։
Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսկ ամերիկյան Axios լրատվական պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին, հայտնել է, որ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ։
Al Arabiya-ի վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 400-ը, իսկ վիրավորներինը՝ 1000-ը։ Հեռուստաալիքը նաեւ հայտնել է, որ զոհվածների գրեթե կեսը Գազայի հատվածի վարչական կենտրոնի՝ Գազա քաղաքի ռմբակոծության հետեւանք են։