Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին, եւ ցանկանում են, որ դա տեղի ունենա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Firstpost հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք հավատում ենք, որ պատերազմը կավարտվի այս տարի, մենք իրապես ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի այս տարի։ Բոլորիս միավորում է այս ռազմավարական նպատակը՝ հասնել արդար, համապարփակ եւ երկարատեւ խաղաղության»,- նշել է նախարարը։
Սիբիգայի խոսքերով՝ Ուկրաինան աջակցում է կրակի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կդիմի անվերապահ հրադադարի։ Սա հսկայական քայլ կլինի դեպի խաղաղություն»,- ասել է Սիբիգան։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին 30-օրյա ժամանակավոր հրադադար հաստատելու վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է ռազմական գործողությունների դադարեցման առաջարկին, սակայն այն պետք է հանգեցնի «երկարատեւ խաղաղության»։