Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ 30 օրով դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների գնդակոծությունը եւ «տվել է համապատասխան հրահանգ զինվորականներին»։ Այդ մասին հայտնում է Կրեմլը։
«Զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդես է եկել առաջարկով, որ հակամարտության կողմերը 30 օրով հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից։ Վլադիմիր Պուտինը դրականորեն է արձագանքել այս նախաձեռնությանը եւ անմիջապես տվել է համապատասխան հրահանգ ռուսական զինված ուժերին»,– նշվում է Կրեմլի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահների հեռախոսազրույցից հետո։
Միաժամանակ, Կրեմլի հաղորդմամբ, Պուտինը նշել է «որոշ էական հանգամանքներ», որոնք վերաբերում են ամբողջ ճակատային գծի երկայնքով կրակի դադարեցման վերահսկմանը։ Նա նաեւ ընդգծել է Ուկրաինայում «պարտադիր զորակոչի դադարեցման» եւ Ուկրաինայի զինված ուժերի վերազինման գործընթացի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։
Բացի այդ՝ ՌԴ նախագահը «էսկալացիայից խուսափելու հիմնական պայման» է անվանել Ուկրաինային տրամադրվող օտարերկրյա ռազմական օգնության եւ հետախուզական տվյալների փոխանակման ամբողջական դադարեցումը։
Պուտինն իր զրույցի ընթացքում հայտնել է, որ մարտի 19-ին կկայանա ռազմագերիների փոխանակում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ 175-ը 175-ի դիմաց։ Նաեւ, «որպես բարի կամքի դրսեւորում», Ռուսաստանը ուկրաինական կողմին կհանձնի 23 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորների, որոնք այժմ ռուսական հիվանդանոցներում են։
Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Կարմիր ծովի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորվելով «միասնական ջանքեր գործադրել ճգնաժամային կետերում կայունության հաստատման, միջուկային զենքի չտարածման եւ գլոբալ անվտանգության հարցերում համագործակցության համար»,- նշվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։
Երկուսուկես ժամ տեւած զրույցի ընթացքում նախագահները պայմանավորվել են ստեղծել ռուսական եւ ամերիկյան փորձագիտական խմբեր՝ քննարկված հարցերի շուրջ աշխատելու համար, ինչպես նաեւ «պահպանել կապը բոլոր բարձրացված թեմաների վերաբերյալ»։