Ուկրաինան պատրաստ է աջակցելու էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելու Վաշինգտոնի առաջարկին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։
«Ռուսաստանն ու Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ կարող են համաձայնության գալ էներգետիկ ենթակառուցվածքին չհարվածելու շուրջ։ Մենք պատրաստ ենք աջակցելու այդ գաղափարին։ Բայց չի կարող այնպես լինել, որ Ռուսաստանը հարվածի մեր էներգետիկային, իսկ մենք լռենք։ Մենք կպատասխանենք»,– հայտարարել է Զելենսկին։
Նա նշել է, որ ցանկացած հրադադար սկսվում է «անվերապահ կրակի դադարեցմամբ», եւ հավելել, որ դեռեւս զրույց չի ունեցել Թրամփի հետ նրա եւ Պուտինի բանակցություններից հետո, բայց հույս ունի, որ այդպիսի զրույց տեղի կունենա։
«Այդ ժամանակ ես կկարողանամ ավելի շատ մանրամասներ իմանալ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որպեսզի հասկանամ՝ կոնկրետ ինչին է պետք աջակցել»,– ասել է նա եւ հավելել, որ կցանկանար, որ Թրամփը «լսեր եւ տեսներ, թե ինչ է ցանկանում Պուտինը»։
Զելենսկու խոսքերով՝ ռուսական զորքերը «ցանկանում են հարվածներ հասցնել» Սումիի, Զապորոժիեի եւ Խարկովի շրջաններին։
Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Պուտինի պահանջը՝ դադարեցնել Վաշինգտոնի ռազմական մատակարարումները Ուկրաինային, Զելենսկին պատասխանել է. «Պուտինն արդեն տեսել է, որ ԱՄՆ-ը կարող է նման քայլեր ձեռնարկել, եւ այդ պատճառով էլ նա այս հարցը բարձրացրել է Թրամփի հետ զրույցում՝ փորձելով թուլացնել Ուկրաինան»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակում, ըստ «РБК-Украина»-ի աղբյուրի, կարծում են, որ Ռուսաստանը փաստորեն «մերժել է ԱՄՆ-ի գաղափարը՝ ամբողջական հրադադար հաստատելու վերաբերյալ»։
«Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա հենց ռուսներն են դա մերժել, այսինքն՝ նրանց համար պատերազմը շարունակելն անհրաժեշտ է»,– ասել է աղբյուրը՝ նշելով, որ Ուկրաինայում այս պահին հնչում է օդային տագնապի ազդանշանը։