Մերիլենդի դաշնային դատարանը կարգադրել է վերականգնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքը՝ այն փակելու որոշումը համարելով անօրինական։ Վճռում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, արգելափակելով գործակալության գործունեությունը, հնարավոր է, խախտել է սահմանադրական նորմերը։
68-էջանոց հիմնավորման մեջ դատավոր Թեոդոր Չուանգը հայտարարել է, որ վարչակազմը, ամենայն հավանականությամբ, խախտել է ԱՄՆ Սահմանադրության միանգամից մի քանի դրույթ, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Դատարանը կարծում է, որ այս գործողությունները վնաս են հասցրել ոչ միայն հայցվորներին՝ գործակալության նախկին աշխատակիցներին, այլեւ հանրային շահերին, քանի որ «դրանք զրկել են Կոնգրեսի ընտրված ներկայացուցիչներին իրենց սահմանադրական լիազորություններից՝ որոշելու, թե երբ, ինչպես եւ ինչու փակել Կոնգրեսի կողմից ստեղծված գործակալությունը»։
Դատավորը պահանջել է վերականգնել աշխատանքից հեռացված հայցվորներին եւ ապահովել նրանց հասանելիությունը նույն գրասենյակին, որտեղ նրանք աշխատել են։ Պետք է վերականգնեն գործակալության բոլոր աշխատակիցների մուտքը իրենց ծառայողական էլեկտրոնային փոստին եւ բոլոր էլեկտրոնային համակարգերին։
Նա արգելել է Իլոն Մասկի Կառավարման արդյունավետության դեպարտամենտին որեւէ գործողություն ձեռնարկել USAID-ի դեմ՝ առանց գործակալության լիազորված պաշտոնյայի ուղիղ թույլտվության։ Թրամփի վարչակազմը USAID-ի ժամանակավոր ադմինիստրատոր էր նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
Պետական արդյունավետության դեպարտամենտը ստեղծվել էր Թրամփի հրամանագրով եւ պետք է հետեւեր ավելորդ պետական ծախսերին։ Մասկը հայտարարել էր, որ USAID-ը պետք է փակվի՝ այն անվանելով «անարդյունավետ»։
Գործակալության աշխատակիցները հեռացվել էին աշխատանքից կամ ուղարկվել վճարովի արձակուրդ։ Նրանց արգելվել էր աշխատել ծրագրերի մեծ մասի վրա։ Աշխատակիցներից շատերը մնացել էին Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։
Իլոն Մասկը X-ի էջում դատավոր Թեոդոր Չուանգի վճռից հետո քննադատական գրառում է հրապարակել։ Գրառման մեջ նա ենթադրում է, որ դատավորը, որը նշանակվել էր նախագահ-դեմոկրատ Բարաք Օբամայի կողմից, այդպիսի որոշումն ընդունել է՝ հիմնվելով դեմոկրատների կուսակցական աջակցության վրա։