Ադրբեջանը պետք է ապահովի կալանքի մեջ պահվող հայերի արդար դատաքննության իրավունքը եւ բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների:
Բրյուսելում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։
Նա ընդգծել է՝ շատ կարեւոր է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։
«Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում եւ ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ եւ անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ եւ, եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են շատ ավելի լայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա եւ շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- ասել է Անիտա Հիպերը եւ հավելել, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ամբողջ գործիքակազմով։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարտի 3-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին եւ վերականգնել նրանց արդար դատավարության իրավունքը։