ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա ասել է Washington Examiner-ին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Պուտինի հետ մարտի 18-ին կայացած հեռախոսազանգին՝ Թրամփը նշել է, որ «դա շատ լավ զանգ էր»։
«Կարծում եմ, որ սա ինչ-որ լավ բանի սկիզբն է։ Սկիզբը դրվել էր երեք կամ չորս շաբաթ առաջ։ Գիտեք, ես շատ անգամներ եմ զրուցել Պուտինի հետ. ամեն ինչ այս զանգից չի սկսվել։ Մենք ունեցել ենք նաեւ այլ խոսակցություններ»,— ասել է Թրամփը։
Լրագրողի այն հարցին, թե հանրությանը հայտնել են արդյոք այդ զրույցների մասին, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ, [չի հաղորդվել], բայց սա դրական դինամիկայի շարունակություն է։ Եթե դա դրական չլիներ, ես ձեզ կասեի»։
Պարզ չէ, թե որքան հաճախ է Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ վարել Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկու երկրների առաջնորդները բանակցություններ վարել էին նաեւ փետրվարի 12-ին։
Դեռեւս փետրվարի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալու նպատակով։ Այն ժամանակ նա հրաժարվել էր պատասխանելուց, թե քանի անգամ է խոսել ՌԴ նախագահի հետ՝ ասելով. «Լավ կլինի, եթե լռեմ»։
The Washington Post-ի աղբյուրները 2024 թվականի նոյեմբերին հայտնել էին, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո։ Կրեմլը հերքել էր այդ խոսակցությունը։