Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Պաշտպանուլյան նախարարությանը հանձնարարկան է տվել հրադադարո ռեժիմի ոչ մի խախտում թույլ չտալ։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»,-ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Փաշինյանը։
Այսօր՝ ավելի վաղ ՀՀ վարչապետը մեկ այլ գրառման մեջ էլ ընդգծել էր, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի տակ։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։
Նշենք, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններին, արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է իբր հայկական զինված ուժերի կողմից սահմանագոտու արեւելյան ու հարավ արեւելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։