ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որը տեւել է շուրջ մեկ ժամ։
Բանակցություններից հետո Truth սոցիալական ցանցում Թրամփը գրել էր, որ դրանք անցել են «շատ լավ»։
«Քննարկման մեծ մասը հիմնված էր երեկ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր] Պուտինի հետ ունեցած զրույցի վրա, որպեսզի համաձայնեցնենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի պահանջներն ու կարիքները։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին ներկայացնել քննարկված կետերի հստակ նկարագիրը։ Այս հայտարարությունը կտեղադրվի մոտ ապագայում»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Թրամփը առաջարկել է ամերիկյան վերահսկողությանը հանձնել ուկրաինական ատոմակայանները, քանի որ դա լինելու է դրանց լավագույն պաշտպանությունը ռուսական հարվածներից։
Նրա խոսքերով՝ Զելենսկին «լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես Patriot հրթիռային համակարգեր» է խնդրել, իսկ Թրամփը «համաձայնել է աշխատել նրա հետ [հասանելի տարբերակներ] գտնելու ուղղությամբ, մասնավորապես Եվրոպայում»։
Լեւիթի խոսքերով՝ Թրամփն ու Զելենսկին նաեւ քննարկել են Կուրսկի իրավիճակը եւ «պայմանավորվել սերտ տեղեկատվական փոխանակում կազմակերպել իրենց ռազմական շտաբների միջեւ՝ իրավիճակի զարգացմանը զուգընթաց»։
Զելենսկին էլ X-ի էջում հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակած գրառման մեջ նշել է, որ հայտնել է իր աջակցությունը 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունները դադարեցնելու Թրամփի առաջարկին։
«Նախագահ Թրամփը կիսվեց [Վլադիմիր] Պուտինի հետ իր զրույցի մանրամասներով եւ հիմնական քննարկված հարցերով։ Պատերազմի ամբողջական դադարեցման առաջին քայլերից մեկը կարող է դառնալ էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցումը։ Ես աջակցեցի այս քայլին, եւ Ուկրաինան հաստատեց, որ մենք պատրաստ ենք այն իրականացնելու»,- գրել է Զելենսկին։
Նրա խոսքերով՝ ամերիկյան կողմը նաեւ առաջարկել է «առանց նախապայմանների հրադադար ռազմաճակատի գծի երկայնքով, եւ Ուկրաինան ընդունել է այդ առաջարկը։
Նախօրեին Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ հաղորդագրություններում ճակատում առանց նախապայմանների հրադադարի մասին խոսք չի եղել։ Կրեմլը հայտնել էր միայն, որ Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները եւ «համապատասխան հրաման է տվել զինվորականներին»։
Բացի այդ, ինչպես գրել է Զելենսկին, նա ԱՄՆ նախագահին է ներկայացրել թարմացված տեղեկություններ «ճակատային գծի իրավիճակի եւ ռուսական հարվածների հետեւանքների» մասին։ Նախագահները քննարկել են Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ գերիների ազատման եւ Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։
«Մենք նաեւ քննարկեցինք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության վիճակը եւ դրա ուժեղացման հնարավորությունը կյանքերի պաշտպանության համար»,- հայտնել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էին ԱՄՆ եւ ՌԴ նախագահների բանակցությունները, որից հետո հայտարարվեց, որ Պուտինն ընդունել է 30 օրով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունները դադարեցնելու Թրամփի առաջարկը։
Միեւնույն ժամանակ Թրամփին եւ Պուտինին չի հաջողվել համաձայնության գալ մեկ ամսով ամբողջական հրադադար հաստատելու շուրջ, ինչին ավելի վաղ համաձայնել էր Կիեւը։ Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահը որպես «հիմնական պայման» պահանջել է ամբողջապես դադարեցնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների տրամադրումը։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ չի քննարկել Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը։