Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ «նպատակային ցամաքային գործողություններ» է սկսել Գազայի հատվածի կենտրոնական եւ հարավային մասերում։
Գործողությունների շրջանակում իսրայելական բանակը ընդլայնել է իր վերահսկողությունը Նեցարիմ կոչվող միջանցքի կենտրոնական հատվածում, որը ձգվում է Բեերի շրջանից (Իսրայելի հարավում) մինչեւ Գազայի հատվածի ծովափնյա շրջան՝ այն բաժանելով հյուսիսային եւ հարավային մասերի։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողության նպատակը անվտանգության գոտու ընդլայնումն է եւ հյուսիսային ու հարավային հատվածների միջեւ մասնակի բուֆերային գոտու ստեղծումը։
Հունվարի կեսերին Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին ձեռք բերել ժամանակավոր հրադադարի եւ այդ ընթացքում պատանդների ու բանտարկյալների փոխանակման վերաբերյալ։ Նեցարիմի միջանցքից իսրայելական զորքերի դուրսբերումն այդ համաձայնագրի պայմաններից էր։ Գործարքի առաջին փուլը, որը տեւեց 42 օր, ավարտվեց մարտի 1-ին, որից հետո կողմերին չհաջողվեց համաձայնության գալ դրա երկարաձգման շուրջ։
Ներկայում ՀԱՄԱՍ-ի գերության մեջ մնում է եւս 59 իսրայելցի պատանդ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նրանցից առնվազն 35-ը մահացած են։ Մարտի 18-ի գիշերը երկու ամիս տեւած հրադադարից հետո Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։