«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
Հիշեցնենք՝ նախօրեին կատարած գրառումներից մեկում ՀՀ վարչապետը ընդգծել էր, որ պատրաստ է իր ստորագրությունը դնելու խաղաղության համաձայնագրի տակ։
Ավելի ուշ հրապարակված գրառման մեջ էլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ ՊՆ-ին հստակ հրահանգ է տվել հրադադարի որեւէ խախտում թույլ չտալ, «քանի որ Հայաստանը խաղաղության է գնում, ոչ թե պատերազմի»։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։
Նշենք, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններին, արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է իբր հայկական զինված ուժերի կողմից սահմանագոտու արեւելյան ու հարավ արեւելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։