Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները։
Այս անգամ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Գերատեսչությունը կրկին հիշեցնենում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
«Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»,- ասվում է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պաշտպանության նախարարությանը հստակ հրահանգ է տվել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում թույլ չտալ, «քանի որ Հայաստանը խաղաղության է գնում, ոչ թե պատերազմի»։