Թուրքիայի քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների` կապված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական ընդդիմախոսն է։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։
Ստամբուլում ակցիաները տեղի են ունենում քաղաքապետարանի եւ ոստիկանության այն բաժնի մոտ, ուր տարել են Իմամօղլուին նրա տանը կատարված խուզարկությունից հետո։ Ցուցարարները հավաքվել են նաեւ Ստամբուլի համալսարանի շենքի մոտ, որը քաղաքապետի ձերբակալությունից մեկ օր առաջ չեղարկել էր նրա դիպլոմը՝ զրկելով նրան նախագահի պաշտոնին առաջադրվելու օրինական հնարավորությունից։
Համալսարանի տարածքում հավաքված ուսանողների նկատմամբ ոստիկանները կիրառել են հատուկ միջոցներ, հայտնում է BBC-ն։
Քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը, որը պատրաստվում էր առաջիկա ընտրություններում Էքրեմ Իմամօղլուին առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Օզելը Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը որակել է «պետական հեղաշրջման փորձ»։
Ստամբուլի նահանգապետարանը նախօրեին արգելել էր ցանկացած հանրահավաք ամբողջ նահանգի տարածքում։ Չնայած դրան՝ բողոքի ակցիաները շարունակվում են եւ տեղի են ունենում նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում։
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ի առավոտյան։ Նրան եւ եւս շուրջ հարյուր մարդու մեղադրել են կոռուպցիոն հանցագործությունների եւ բիզնեսներից շորթմամբ զբաղվող հանցավոր խմբավորում ստեղծելու համար։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ չունի, մինչդեռ Ստամբուլի քաղաքապետը իր նկատմամբ հետապնդումը որակել է «հարված ժողովրդի կամքին»։