Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
«Մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են լինել այն հիմքը, որի վրա զարգանում եւ օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ բազմոլորտ եւ փոխշահավետ համագործակցությունը»,- ասվում է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին հղած ուղերձում:
Նախագահ Մասուդ Փեզեշքիանին հղած ուղերձում էլ ՀՀ վարչապետը նշել է, որ Իրանի հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար՝ ընդգծելով, որ Երեւանը պատրաստ է ընդլայնելու եւ ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
«Գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ եւ հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի եւ Իրանի միջեւ սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ ի նպաստ մեր պետությունների եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման»,- ասվում է ուղերձի տեքստում: