Հայաստանը վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, եւ Հայաստանը նաեւ վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնելու այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսելու օրը, ժամը եւ մնացած հարցերը հստակեցնելու ուղղությամբ»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ։
«Հրապարակային աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։
Նշենք, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններին՝ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է իբր հայկական զինված ուժերի կողմից սահմանագոտու արեւելյան ու հարավարեւելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։