Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաային՝ աջակցություն հայտնելով երկրում իրավիճակի հնարավորինս արագ կայունացման ուղղությամբ նոր կառավարության գործադրած ջանքերին։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուղերձը հաղորդվել է արաբական հանրապետությունում բռնությունների նոր ալիքի բռնկման ֆոնին ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի պետության ղեկավար Ահմեդ Ալ-Շարաային, որտեղ աջակցություն է հայտնել երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության ապահովման նպատակով իրավիճակի հնարավորինս արագ կայունացման ջանքերին։ Հաստատվել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի ամբողջ շրջանակում՝ ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու նպատակով»,– նշել է Դմիտրի Պեսկովը։
Մարտի սկզբին Սիրիայի ծովափնյա Լաթաքիայի եւ Տարտուսի նահանգներում սկսվել էր երկրի կրոնական փոքրամասնություն կազմող ալավիների ապստամբությունը, որին պատկանում էր նաեւ երկրի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը։ Նոր կառավարությանը ենթակա անվտանգության ուժերի հետ զինված բախումների ֆոնին համացանցում սկսեցին ալավի բնակչություն ունեցող շրջաններից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների տեսագրություններ ու լուսանկարներ հայտնվել։
Մարտի 10-ին Սիրիայում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ հրավիրեցին։ Այդ օրը Դամասկոսի անցումային կառավարությունը հայտարարեց երկրի մերձափնյա շրջաններում ռազմական գործողության ավարտի մասին եւ ներկայացրեց երկրի նախկին ղեկավարության ակտիվ կողմնակիցներին ոչնչացնելու վերաբերյալ հատուկ ծրագիր։
Ավելի ուշ Ահմեդ Ալ-Շարաան ծավալուն հարցազրույց էր տվել Reuters գործակալությանը, որտեղ խոստովանել էր, որ իր կողմնակիցները լավագույն կերպով չեն դրսեւորել իրենց։ Հարցազրույցի ընթացքում նա նաեւ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ նոր կառավարությունը չի ցանկանում, որ Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ ճեղքվածք առաջանա։