Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցություններ կվարեն, այսպես կոչված, սեւծովյան նախաձեռնության հնարավոր վերսկսման շուրջ՝ «կապված Սեւ ծովում նավարկության անվտանգության հետ»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքերով՝ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում։ Բանակցություններին ռուսական պատվիրակությունը կներկայացնեն Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
«Հիշեցնեմ, որ 2022 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [Անտոնիո] Գուտերեշի աջակցությամբ եւ մասնակցությամբ կնքվել են համապատասխան փաթեթային համաձայնագրեր, սակայն դրանք երբեք ամբողջությամբ ուժի մեջ չեն մտել»,- ասել է Ուշակովը։
ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքովը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայի մեկ այլ քաղաքում՝ Ջիդդայում, մարտի 23-ին։ Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 20-ին հայտարարեց, որ կողմերը «համակարգում են վերջնական մանրամասները», եւ բանակցությունները կարող են տեղի ունենալ ոչ թե մարտի 23-ին, այլ մեկ այլ օր։
Պեսկովը նաեւ ասել է, որ Սաուդյան Արաբիայում, բացի սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը թարմացնելուց, կողմերը կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի այլ «նրբություններ» եւ «ասպեկտներ»։
«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը» համաձայանագիր էր, որը ենթադրում էր Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում։ Այն ուժի մեջ էր մտել 2022 թվականի հուլիսից եւ գործել մինչեւ 2023 թվականի հուլիսը: Համաձայնագիրը կնքվել էր Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ։
Մեկ տարվա աշխատանքից հետո Ռուսաստանը հրաժարվեց համաձայնագիրը երկարաձգելուց։