Հայաստանը ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչությանը կից կունենա պաշտպանության հարցերով կցորդ։ Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
«ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն, այն կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: