Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով Հայաստանում է: Նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա լինելու հրավերն ընդունելու համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում եւ նշել, որ նման խաղերը նպաստում են հայ եւ վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի:
Վարչապետ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին։