Նախորդ տարվա վերջին, երբ Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման գլխավորությամբ հակակառավարական ուժերը տապալեցին Բաշար ալ-Ասադի 24 տարվա ռեժիմը, համացանցում սկսեցին տեղեկություններ ու տեսագրություններ հայտնվել երկրի կրոնական փոքրամասնություն ալավիների նկատմամբ իրականացված բռնությունների մասին։ Արդեն այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Սիրիայի Լաթաքիայի եւ Տարտուսի շրջաններում նախկին նախագահի կողմնակիցները զինված դիմադրություն են սկսել ալավիների դեմ նոր իշխանությունների իրականացրած բռնություններին ի պատասխան։
Մարտի սկզբին ապստամբական այս շարժումների իրականացրած մի շարք հարձակումներից հետո Սիրիայի անցումային կառավարությունը պատասխանեց երկրի մերձափնյա շրջանների տոտալ շրջափակմամբ ու լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկով։ Համացանցում սկսեցին հայտնվել ալավիական բնակավայրերում կատարված զանգվածային սպանդի տեսարաններ, տարբեր տարիքի տղամարդկանց ու կանանց խոշտանգված մարմինների լուսանկարներ։
Ավելի ուշ հրապարակված տեսագրություններում էլ կարելի էր լսել, թե ինչպես էին մզկիթներում իմամները ալավիների դեմ ջիհադի կոչեր հնչեցնում։
Այսպիսով՝ ովքե՞ր են Սիրիայի բնակչության շուրջ 12 %-ը կազմող ալավիները, որի ներկայացուցիչներն էին նաեւ երկրի նախորդ երկու նախագահները։ Ինչո՞ւ է այս համայնքը կոտորածի ենթարկվում հիմա։ Ե՞րբ ու ինչի՞ հետեւանքով է նրանց հանդեպ գոյացել նման մեծ ատելությունը։
Այս հարցերին պատասխանելու համար սկսենք իսլամի ձեւավորման առաջին դարերից։
Ալավիական «ինքնությունը»
Մուհամմադ մարգարեի մահից հետո նորաստեղծ մուսուլմանական համայնքի ներսում վիճաբանություններ էին սկսվել նրա փոխանորդության ժառանգման հարցի շուրջ, ինչը արագորեն հանգեցրել էր պառակտումների, եւ ի վերջո ձեւավորվել էին երկու ներքաղաքական բեւեռներ։ Մարգարեի հորեղբորորդի եւ նրա սիրելի դստեր՝ Ֆատիմայի փեսա Ալի իբն Աբու Տալիբի կողմնակիցների խումբը՝ շիաները (արաբ․ շիաթ Ալի), կարծում էին, որ հենց նա է արժանի Մուհամմադի փոխանորդ կամ խալիֆ լինելուն. նրանք պնդում էին, որ բացի նրանց ազգակցական սերտ կապից՝ հենց Մարգարեն էր Ալիին իր իրավահաջորդ հայտարարել։ Միեւնույն ժամանակ, այս տեսակետների ընդդիմադիրների կարծիքով խալիֆ պետք է ընտրվեր համայնքի ներսում ազդեցություն ունեցող այն զինակիցը, որի կառավարման շուրջ փոխհամաձայնություն կար։
Երկարատեւ քննարկումներից հետո առաջին խալիֆ ընտրվել էր մարգարեի մտերիմ զինակից եւ նրա կնոջ՝ Այիշայի հայր Աբու Բաքր ալ-Սիդդիքը (632-634)։ Նրան հաջորդել էին Օմար իբն ալ-Խատտաբն (634-644) ու Օսման իբն ալ-Աֆֆանը (644-656):
656 թվականին Օսմանի դեմ բռնկված ապստամբությունից ու նրա սպանությունից հետո Ալին իր համախոհների ճնշման ներքո վերջապես ստանձնել էր խալիֆայությունը։ Սակայն նրա ղեկավարությունը մարգարեի մյուս համախոհների կողմից միանշանակ չէր ընդունվել։ Սրա պատճառով նորաստեղծ իսլամական պետությունը արագորեն ներքաշվել էր իր պատմության մեջ ամենաառաջին քաղաքացիական պատերազմի կամ, ինչպես հայտնի է, ֆիթնայի մեջ։ Այս իրադարձություններով իսլամը սկսում է տրոհվել սուննի եւ շիա ուղղությունների։
Իր հակառակորդների առաջին խմբի՝ Մուհամմադի կին Այիշայի գլխավորած ընդդիմության նկատմամբ Ալին հաղթանակ տարավ 656 թվականին Բասրայի մոտ տեղի ունեցած «Ուղտի» ճակատամարտում։ Իսկ Սիրիայի տեղապահ Մուավյա իբն Աբու Սուֆյանի դեմ 657 թվականի Սիֆֆինի ճակատամարտի ժամանակ (Եփրատի ափին), չնայած ունեցած ակնհայտ առավելությանը, Ալին համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու եւ հակասությունները արբիտրաժային դատի միջոցով լուծելու թշնամական կողմի առաջարկին։ Նման հանգամանքը հանգեցրել էր Ալիի կողմնակիցներից շատերի դժգոհությանը, ինչի արդյունքում նրանք առանձնացել էին նրա բանակից եւ որոշել պայքարել թե՛ Մուավիայի եւ թե՛ Ալիի դեմ։ Այս իրադարձության արդյունքում առանձնացել ու ձեւավորվել էր իսլամի մի նոր ճյուղ, որի ներկայացուցիչները կոչվեցին խարիջիներ (այսինքն՝ դուրս եկածներ)։
Երբ 661 թվականին խարիջիները սպանեցին Ալիին, նրա շիաները սկսել էին խալիֆայության իրավահաջորդներ դիտարկել միայն նրա սերունդներին, որոնք, չունենալով քաղաքական իշխանություն, այնուամենայնիվ շարունակել էին ղեկավարել շիայական համայնքը՝ կրկին համարվելով իմամներ։
Ընդգծենք, որ Ալիի կողմնակիցների մեջ հենց սկզբից արդեն կային ե՛ւ «ծայրահեղականներ», ե՛ւ «չափավորներ»։ Եթե «չափավորների» համար առաջնային էր Ալիին եւ նրա սերունդներին խալիֆայության գահին տեսնելը որպես մարգարեի իրական ժառանգների, ապա, այսպես կոչված, «ծայրահեղական» խմբերը Ալիին այնքան էին իդեալականացրել, որ հասել էին նրա անձի սրբացմանն ու աստվածացմանը։
Այդպիսի ծայրահեղ գաղափարների առկայությունը արդեն IX-X դարերում հանգեցրել էր շիաների մեջ նոր ուղղությունների առաջացման։
Որոշ արեւելագետներ ենթադրում են, որ ալավիականությունը ծագել է հենց այս ժամանակաշրջանում։ Համարվում է, որ այն սկիզբ էր առել աստվածաբան Մուհամմադ իբն Նուսայրի (մահացել է Բասրայում մոտ 883 թ.) գաղափարների հիման վրա, որը, լինելով Ալիի սերունդներից տասնմեկերորդ իմամ Հասան ալ-Ասկարիի համախոհը, սկսել էր քարոզներ կարդալ նրա եւ նրան նախորդող իմամների աստվածային էության մասին՝ իրեն անվանելով Ալ-Ասկարիի առաքյալ՝ «Դարպաս» (Բաբ)։ Արդյունքում ձեւավորվել էր Մուհամմադ իբն Նուսայրի հետեւորդների լայն շրջանակ, որոնց հետագայում նրա անունով կոչեցին նուսայրիներ։ Այս նոր համայնքը կազմավորողն ու իբն Նուսայրի գաղափարները զարգացնողը եղավ աստվածաբան Մուհամմադ ալ-Ջաննան ալ-Ջունբուլանին (մահ. 957 կամ 968 թ․ Հալեպ)։ Մինչեւ XI դարը նուսայրիներն արդեն ունեին երկու հիմնական կրոնական կենտրոն. մեկը՝ Բաղդադում, մյուսը՝ Լաթաքիայում (Սիրիա)։ 1258 թվականին մոնղոլների կողմից Բաղդադի կենտրոնի ոչնչացումից հետո Լաթաքիան մնաց նուսայրիների միակ կրոնական կենտրոնը։ XI դարում նուսայրիների համայնքը սկսել էին կոչել նաեւ ալ-ալավիյուն (այսինքն՝ Ալիականներ) անունով։
Ընդհանրապես ալավիների մասին տեղեկությունները բավականին քիչ են եւ կցկտուր, որի պատճառը համայնքի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերված խտրական վերաբերմունքն ու դրանից բխած ճնշումներն են եղել։ Սակայն ուշ շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալավի-նուսայրիների հավատի հիմքում ընկած է աստվածային երրորդության մասին հետեւյալ պատկերացումը. Ալին աստվածային իմաստն է (ալ–մաանա), Մուհամմադը անունն է (ալ–իսմ), այսինքն՝ այդ իմաստի արտահայտումը, Սալման ալ-Ֆարիսին (Մուհամմադի ազգությամբ պարսիկ զինակիցը) դարպասն է (ալ–բաբ), այսինքն՝ իմաստի արտահայտման բացահայտումը կամ մատուցումը։
Ալավիները իրենց հայացքների ու ընկալումների մասին առաջին անգամ հայտարարել են 1936 թվականին։ Այդ տարում լույս տեսած մի գրքույկի մեջ հրապարակվել էր համայնքի կրոնագետ գիտնականների հայտարարությունը, որը բաղկացած էր հետեւյալ երկու կետից.
Ա․ Յուրաքանչյուր ալավի մուսուլման է, ով դավանում եւ հավատում է երկու վկայություններին (շահադային) եւ պաշտպանում է իսլամի հինգ հիմնասյուները (շահադա, աղոթք, ծոմ, զաքաթ, (մաքրման տուրք) եւ ուխտագնացություն):
Բ․ Ցանկացած ալավի, ով չի ճանաչում իր իսլամական ինքնությունը կամ ժխտում է, որ Ղուրանն իր գիրքն է, իսկ Մուհամմադը՝ իր մարգարեն, ըստ իսլամական օրենքի (շարիաթի), չի համարվում ալավի եւ չի կարող կապ ունենալ մուսուլման ալավիների հետ:
Այս դրույթներին ալավի կրոնագետ գիտնականները ավելացրել էին նաեւ արաբական ինքնության եւ իսլամի շիա ուղղությանը հարելու մասին երեք հավելումները․
1․ «Ալավիները շիա մուսուլմաններ են, եւ նրանք իրենց պատմության ընթացքում ցույց են տվել, որ հրաժարվում են ցանկացած կոչ ընդունելուց , որը կփոխի իրենց դավանանքը»:
2․ «Ալավիները ոչ այլ ոք են, քան Իմամ Ալիի (խաղաղություն նրան) կողմնակիցները, եւ Իմամ Ալին ոչ այլ ոք է, քան Մարգարեի (խաղաղություն նրան) զարմիկը, նրա փեսան, նրա իրավահաջորդը եւ առաջինը, ով ընդունել է իսլամը: Նրա դիրքը ջիհադի, իրավագիտության, իսլամ կրոնի մեջ հաստատուն է, եւ Ղուրանը ալավիների գիրքն է»։
3․ «Ալավիները ոչ այլ ոք են, քան արաբական այն ցեղերի հետնորդները, որոնք Եփրատի հարթավայրերում աջակցում էին Իմամ Ալիին, խաղաղություն նրան»:
Նշյալ տեքստերը հստակ ցույց են տալիս, որ ալավիները փորձել էին իրենց հայացքները ներկայացնել որպես շիա ուղղության դասական իմամական ճյուղի (որը տարածված է Իրանում եւ Լիբանանում) հետ բացարձակապես նույնական մի ուղղություն։
1970 թվականին Սիրիայում տեղի ունեցած, այսպես կոչված, «Ուղղիչ հեղափոխությունից» հետո, երբ ալավի գեներալ Հաֆեզ ալ-Ասադը, իշխանությունը կենտրոնացնելով իր ձեռքում, դարձավ երկրի նախագահ, այս տեքստերը սկսեցին առավել հաճախ հրապարակվել՝ ներառվելով 30-էջանոց գրքույկների մեջ, որոնք կրում էին «Ալավիները ահլ ալ-բայթի (Մարգարեի ընտանիքի) հետեւորդներն են» (العلويون شيعة أهل البيت) վերնագիրը։
Նշյալ տեքստերի հրապարակումը ուներ քաղաքական նպատակներ եւ հավանաբար կոչված էր իսլամի սուննի ուղղության մեծաքանակ հետեւորդ ունեցող Սիրիայի բնակչության շրջանում մեղմելու դարերով ձեւավորված հակաալավիական տրամադրությունները՝ համայնքը ներկայացնելով գոնե շիա իմամական ուղղության հետ նույնական մի ճյուղ, որը մինչեւ վերջին տարիները պետք է բացատրեր կրոնական նման փոքրամասնության հարող Ալ-Ասադների իշխանության ղեկին լինելու հանգամանքը։
Հակաալավիականության արմատները
Այս տեքստերը պետք է նաեւ պատասխանեին դարեր շարունակ ալավիների հասցեին սուննի աստվածաբանների ներկայացրած այն մեղադրանքներին, որ այս համայնքը «հերձվածող» է եւ իր աստվածաբանական դրույթներով կապ չունի իսլամի ու մուսուլմանների հետ։
Հակաալավիական առաջին գրավոր տեքստերը վերագրվում են XIV դարին։ Դրանց հեղինակն է հեղինակավոր սուննի աստվածաբան, Եգիպտոսի մամլուքյան պետության շեյխ ալ-իսլամ Թաքի ալ-Դին Իբն Թայմիյան, որն իր երեք հակաալավիական ֆեթվաներում համայնքի ներկայացուցիչներին դասել էր վատագույն անհավատների շարքը։ Ահա այդ տեքստերից մեկը․
«Նուսայրիներն ավելի անհավատ են, քան հրեաները կամ քրիստոնյաները, նույնիսկ ավելի անհավատ, քան շատ հեթանոսներ: Նրանց հասցրած վնասը Մուհամմադի համայնքին առավել մեծ է, քան մուսուլմանների դեմ մարտնչող անհավատներինը, ինչպիսիք էին հերձված մոնղոլները, խաչակիրները եւ այլք, քանզի սրանք անկիրթ մուսուլմանների առջեւ ձեւացնում են, թե շիաներ են եւ հավատարիմ են տան մարդկանց (Ալիի ընտանիքին եւ հետնորդներին), սակայն իրականում չեն հավատում Ալլահին, նրա մարգարեին, նրա սուրբ գրքին, պարտականություններին եւ արգելքներին, պարգեւներին եւ պատիժներին, դրախտին եւ դժոխքին, կամ էլ Մուհամմադին (թող Ալլահի օրհնությունը լինի նրա վրա) նախորդող որեւէ այլ մարգարեի, ոչ էլ իսլամին նախորդող կրոններից մեկին։
[…] Հնարավորության դեպքում նրանք հեղում են մուսուլմանների արյունը […]։ Նրանք միշտ մուսուլմանների ամենավատ թշնամիներն են […]։ Ոչ մի կասկած չկա, որ սրանց դեմ պատերազմն ու սահմանի կողմից նրանց վրա հարձակումը մեծագույն պարտականություն է։ Ճշմարիտ Օմար խալիֆն ու այլ զինակիցներ մինչ գրքի մարդկանց (քրիստոնյաների, հրեաների ու զրադաշտների) դեմ պատերազմը ջիհադը սկսեցին ուրացողների դեմ, քանզի նրանց դեմ պայքարը մուսուլմանական հողերի պաշտպանությունն է, եւ ոչ ոք լիազորություն չունի գաղտնի պահել այն, ինչ գիտի նրանց մասին»։
Մեկ այլ գրության մեջ էլ Իբն Թայմիյան հայտարարում էր, որ «նուսայրիները վատագույն հերձվածողներից են՝ առաջնորդվող չարից, նրանք վատագույն մուրթադդուններից են [ուրացողներից]։ Անհրաժեշտ է սպանել նրանց զինվորներին, իսկ ունեցվածքը՝ բռնագրավել»։
Ենթադրվում է, որ այս ֆեթվաները որպես ալավիների դեմ քարոզչության գործիք թողարկվել էին 1305 եւ 1317 թվականներին, երբ Մամլուքյան պետությունը պատժիչ գործողություններ էր սկսել Լիբանանի լեռնային շրջաններում եւ ներկայիս Սիրիայի Ջաբլահ քաղաքի հարակից շրջաններում ապստամբություն բարձրացրած ալավիների դեմ։ Տարբեր վկայություններ ցույց են տալիս, որ այդ ժամանակ կոտորվել էին շուրջ 20․000 ալավիներ։
Կրոնական հիմքով Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբից մինչեւ Լիբանանի լեռներ, ալավիների եւս մեկ մեծ կոտորած տեղի էր ունեցել 1516 թվականին, երբ օսմանյան սուլթան Սելիմ Յավուզը (Ահեղը) սկսել էր Եգիպտոսի մամլուքներից նվաճել Սիրիայի տարածքը։
Ներկայացնենք մի օրինակ Սելիմի զորավարներից մեկի զեկույց-նամակից, որտեղ պատմվում է ալավիական շրջանների ավերման ու կոտործների մասին․
«Ձերդ գերազանցության որոշումներն ու հանձնարարականները կատարվեցին, եւ ալ-Շամի (Միջերկրական ծովի արեւելյան ափերի արաբական անվանումը) բոլոր գյուղերը, հատկապես նուսայրիներինը, ավերվեցին մինչեւ Ալ-Ջիսրի (կամրջի) թփուտները եւ Բաբ ալ-Նիսրը, մինչեւ Շաիզար եւ Վադի Խալեդը, մինչեւ որ հաղթանակը գրվեց մեզ համար։ Եվ Իսլամ կրոնը, միանշանակ «Օսմանյանը» (նկատի ունի սուննի ուղղությունը) հաստատվեց ալ-Շամում, եւ այս մարդիկ մնացին անտուն եւ չուզեցին ապրել մեծ Սուլթան Սելիմի հողերում։ Նրանց մնացորդներին կերան լեռների հրեշները եւ ալ-ղաբի (թփուտների) կոկորդիլոսները։ Թող երկար կյանք լինի մեր Սուլթանին փափուկ հողերի վրա, թող Աստված օրհնի ճշմարտությունը [․․․]»։
Ալավի պատմիչ Մուհամմադ Ամին Ղալիբ ալ-Թավիլը «Ալավիականների պատմությունը» աշխատությունում գրում է, որ միայն Հալեպի շրջակա տարածքներում օսմանյան բանակը սպանել էր 40․000 մարդու։ Նա նաեւ նշում է, որ ավելի ուշ 9․400 ալավի շեյխեր ու առաջնորդներ էին մահապատժի ենթարկվել Սելիմի հրամանով։
Հետագա դարերում իսլամի սունի ուղղության հետեւորդները չէին դադարեցրել ալավիներին դիտարկել որպես ոչ մուսուլմաններ, ուրացողներ կամ շեղվածներ։ Սա հատկապես դրսեւորվեց 1970-ականների կեսերից մինչեւ 1980-ականներ Սիրիայի «Մուսուլման եղբայրներ» շարժման գլխավորած իսլամական շարժումների ու զինված ապստամբությունների ժամանակ։ Այդ տարիներին հաճախ հրապարակվող քարոզչական հայտարարություններում, բացի «Ասադի ռեժիմը Ալլահի թշնամի» հայտարարելուց ու դրա դեմ ջիհադի կոչերից, «Մուսուլման եղբայրները» սկսել էին հակաալավիական ծավալուն քարոզչություն՝ վերջիններիս ներկայացնելով որպես մուսուլմանական ու արաբական երկրների դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ համագործակցողների։ Օրինակ՝ հայտարարություններից մեկում նշվում էր, որ «նուսայրիները կատարել են իմպերիալիստների շահերին հնազանդվելու դեր», եւ որ այս համայնքը «Սիրիայի ներսում թե՛ ներկա շրջանում եւ թե՛ անցյալում խաղացել է խաչակիրներին աջակցողի նույնպիսի ուղիղ դերակատարում, [․․․] որն ուղղված է եղել տարածաշրջանի մուսուլման բնակչության դեմ»։
Հատկանշական է, որ երբ 1982 թվականին Համա քաղաքում բռնկվել էր իսլամական զինված հակակառավարական ապստամբությունը, Ասադը ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց, որ «Մուսուլման եղբայրներն» են, որ «ուրացել են կրոնը, ուրացել են իսլամը, ուրացել են հայրենիքը»։ Նա իր ելույթում խոստանում էր «պաշտպանել իսլամը այնպիսին, ինչպիսին փոխանցվել է», եւ պայքարել արմատականության դեմ՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ «իսլամն ինքնին իմպերիալիզմի բոլոր ձեւերի դեմ համառ պայքարն է»։ Այս հայտարարությանը հաջորդող ռազմական գործողությունների հետեւանքով Համայում սպանվեց ավելի քան 20․000 մարդ։
Այս իրադարձությունների պատճառով ալավի Ասադների իշխանության լինելու հանգամանքը եւ առանցքային պաշտոններում ալավիների նշանակումները երկրի իշխանություններից դժգոհ բնակչության շրջանում շարունակել էին ամրապնդել այն ընկալումները, որ կառավարության չահարաշահումներին մեղսակից է ամբողջ ալավիական համայնքը։ Այս ամենը հակաալավիական տրամադրությունների ակտիվացմանը հանգեցրեց հատկապես 2011-ից սկսված Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այդ տարիներին երկրի ներսում ձեւավորված տարատեսակ իսլամական ռազմականացված խմբավորումները Բաշար ալ-Ասադի վարչակարգը եւ սիրիական ամբողջ բանակը իրենց հայտարարություններում որակում էին որպես «նուսայրի հերձվածողների» ամբոխ։
Սիրիայի ապստամբական ուժերի շրջանում հակաալավիական ընկալումների օրինակ է ներկայիս ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (Ալ-Ջուլանիի) դեռ 2015 թվականին Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած միտքը։ Այդ ժամանակ դեռ «Ջաբհաթ ալ-Նուսրա» կազմավորման էմիրը հայտարարել էր, որ այն համայնք է, որը «դուրս է եկել Ալլահի կրոնի՝ իսլամ կրոնի շրջանակներից»։
Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ Ալ-Ասադի իշխանության դեմ զինված պայքարը որպես լեգիտիմացնող գաղափարական հիմք ընդդիմադիր խմբավորումների քարոզչությունը հաճախ էր օգտագործել նաեւ միջնադարյան աստվածաբան Իբն Թայմիյայի հիշյալ ֆեթվաները։

Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։