ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը աշակերտների և ուսուցիչների շրջապատում ստորագրել է նոր հրամանագիր, որը փաստացիորեն ենթադրում է Կրթության դեպարտամենտի (կամ նախարարության) լուծարում։
Ինչպես նշում է Reuters-ը, այս որոշումը եղել է Թրամփի նախընտրական խոստումների մի մասը։
Հրամանագիրը գրեթե ամբողջությամբ կրթության ոլորտի կառավարման իրավունքը փոխանցում է նահանգներին եւ տեղական խորհուրդներին։ Վարչությունը լիովին փակելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան ակտը, որի համար, ըստ Reuters-ի, Թրամփը, հավանաբար, բավարար քանակով օրենսդիրների աջակցությունը չի ունենա։
«Մենք պատրաստվում ենք կրթությունը վերադարձնելու նահանգներին շատ պարզ կերպով, որտեղ այն պետք է լինի»,- հայտարարել է Թրամփը՝ անվանելով այս որոշումը ճիշտ եւ հավելելով, որ այն պետք է իրականացվի հնարավորինս շուտ։
Սպիտակ տունը պնդում է, որ դեպարտամենտի լուծարումը կբարելավի աշակերտների թեստավորման արդյունքները եւ միջոցներ կխնայի, սակայն դեմոկրատներն ու այս քայլի այլ քննադատները կարծում են, որ այդ միջոցը դժվար դրության մեջ կդնի առավել խոցելի ուսանողներին, այդ թվում՝ անապահով ընտանիքներից կամ առողջական սահմանափակումներ ունեցող անձանց, որոնց աջակցությունը Կրթության դեպարտամենտի հիմնական առաքելություններից էր։
Այս հրամանագիրը, որը դարձել է Դոնալդ Թրամփի վերջին որոշումներից մեկը պետական հաստատությունների արմատական վերակառուցման եւ ծախսերի կրճատման շրջանակում, հաջորդել է Կրթության դեպարտամենտի կեսից ավելի աշխատակիցներին ազատելու նախորդ շաբաթ ընդունված որոշմանը։