Եվրամիության երկրների առաջնորդները մարտի 20-ին կայացած գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվել են շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, սակայն չեն կարողացել համաձայնության գալ զինամթերք ձեռք բերելու համար Կիեւին անմիջապես հինգ միլիարդ եվրոյի հատկացման շուրջ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Պարբերականի հաղորդմամբ, թեեւ այս առաջարկին աջակցել են ԵՄ գրեթե բոլոր անդամները (բացառությամբ Հունգարիայի), Ֆրանսիան եւ Իտալիան նշել են, որ իրենց անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ՝ ֆինանսական ու տեխնիկական մանրամասները ուսումնասիրելու համար։
Միեւնույն ժամանակ իտալացի դիվանագետները շեշտել են, որ Հռոմը վերջնականապես չի հրաժարվում այս նախաձեռնությունից, մինչդեռ Ֆրանսիայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։
Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նախապես առաջարկել էր մինչեւ 2025 թվականի վերջը Ուկրաինային տրամադրել 20-40 միլիարդ եվրո։ Նախատեսվում էր, որ օգնության տրամադրման համար ԵՄ երկրները ներդրումներ կկատարեն՝ ելնելով իրենց տնտեսության չափերից։ Սակայն Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Պորտուգալիան դեմ են հանդես եկել այս ծրագրին, եւ րոշվել է քննարկել հինգ միլիարդ եվրոյի տրամադրումը, որը պետք է նախատեսվեր խոշոր տրամաչափի զինամթերք գնելու համար։
Սպասվում է, որ Ուկրաինային նոր օգնությունը պաշտոնապես կտրամադրվի ոչ թե ԵՄ-ի անունից, այլ «ցանկացող երկրների կոալիցիայի» շրջանակներում։ Այս առաջարկը ներկայացվել է Հունգարիայի դիրքորոշման ֆոնին, որը հայտարարել է, որ վետո կդնի Եվրամիության ֆոնդերից օգնության տրամադրման վրա։