Չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնական մշակման առաջընթացին` Ռուսաստանը ուշադրություն է դարձնում երկրների միջեւ սահմանին լարվածության աճի մասին բոլոր հաղորդումներին։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել զսպվածություն եւ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ եւ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, եւ մենք հանդես ենք գալիս Երեւանի եւ Բաքվի միջեւ 2020-2022 թվականների երկկողմանի համաձայնագրերի փաթեթին ամենաբարձր մակարդակով հնարավորինս շուտ վերադառնալու օգտին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաեւ հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության սառեցումը չի ամրապնդում երկրի անվտանգությունը, իսկ Երեւանի լիարժեք աշխատանքին վերադառնալը ժամանակ կպահանջի։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը պահպանում է կազմակերպության շրջանակում Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։
Նշենք, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններին՝ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է իբր հայկական զինված ուժերի կողմից սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։