ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է Գազայի հատվածում Իսրայելի կողմից ներկայում իրականացվող ռազմական գործողություններին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը։
Նա հիշեցրել է, որ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը սպառնացել է կոշտ միջոցներով, եթե չազատի բոլոր պատանդներին։
«Ցավոք, ՀԱՄԱՍ-ը նախընտրել է լրատվամիջոցներով խաղեր խաղալ մարդկանց կյանքի հետ: Հարկ է հիշել, որ ստեղծված իրավիճակի համար ամբողջովին մեղավոր է ՀԱՄԱՍ-ը, քանի որ հոկտեմբերի 7-ին [2023] դաժան հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Նախագահը ակնարկել է, որ ցանկանում է, որ բոլոր պատանդները վերադառնան հայրենիք, եւ նա լիովին աջակցում է Իսրայելին եւ նրա զինվորականներին ու վերջին օրերին նրանց ձեռնարկած միջոցներին»,- ասել է Լեւիթը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու եւ դրա կենտրոնական հատվածում Նեցարիմ միջանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։
Իսրայելի պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է վերադարձնեն բոլոր պատանդներին եւ դուրս մղեն ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածից, հակառակ դեպքում Իսրայելն «ամբողջությամբ կկործանի» անկլավը:
Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ռմբակոծության էր ենթարկել Գազայի հատվածը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան շարժման կողմից միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում հրադադարի վերաբերյալ ներկայացրած առաջարկների մերժմամբ։