Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունը։
Նշենք, որ վերջին հինգ օրվա ընթացքում սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած արդեն 13-րդ նման հայտարարությունն է։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչեւ օրս Բաքուն չի արձագանքել։
Նախարարությունը նաեւ վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
«Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ մարտի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ֆեյսբուքյան էջում գրել, որ ՊՆ-ին հստակ հրահանգ է տվել հրադադարի որեւէ խախտում թույլ չտալ, «քանի որ Հայաստանը խաղաղության է գնում, ոչ թե պատերազմի»։
Ավելի վաղ էլ վարչապետի աշխատակազմն էր հայտարարել, որ Հայաստանի բանակը իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։