Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուսումնասիրում է Ուկրաինայում հավանական խաղաղության համաձայնագիրը վերահսկելու համար ՄԱԿ-ի առաքելությունն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։
Խաղաղապահների ուղարկելու թեման Մակրոնը բարձրացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել էր մարտի 20-ին, Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում։
Թերթի տվյալներով` Մակրոնը «ակտիվորեն ուսումնասիրում է» եվրոպական զորքերը Ուկրաինա մտցնելու այլընտրանքային տարբերակները։ Այս ծրագիրը ավելի վաղ մշակել էին Ֆրանսիայի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
The Telegraph-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ուղարկումը պետք է հաստատի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, սակայն Ռուսաստանը, եւ հնարավոր է նաեւ ԱՄՆ-ը, կարող են դեմ հանդես գալ այս առաջարկին։
Էմանուել Մակրոնի եւ Քիր Սթարմերի նախաձենությամբ է կազմավորվում, այսպես կոչված, «Պատրաստների կոալիցիան» («Coalition of the willing»), որը ներառելու է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության այն երկրները, որոնք ձգտում են աջակցելու Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
«Պատրաստների կոալիցիան» մշակել է եվրոպական զորքեր Ուկրաինա ուղարկելու ծրագիր, սակայն դեռեւս հստակ չէ, թե քանի երկիր կհամաձայնի ուղարկել զինվորականների, եւ ինչպիսի առաքելություն նրանք կունենան։ Մեծ Բրիտանիան քննարկում էր Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը, որոնք կպաշտպանեն երկրի օդային տարածքը։
Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած ներկայություն կհամարվի անընդունելի։ Իսկ Էմանուել Մակրոնը նշել է, որ միայն Ուկրաինան, այլ ոչ թե Ռուսաստանը կարող է որոշել, թե ով կպաշտպանի իր տարածքը։