Ռուսաստանը Հայաստանին համարում է բարեկամ երկիր և մտադիր է էլ ավելի զարգացնելու երկկողմ հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես նա մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ։
«Ամեն դեպքում, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել։ Նրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է։ Սա ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ երկկողմանի, պատմական և մշակութային առումներով: Այդ թվում ԵԱՏՄ-ի նման կարեւոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով։ Եվ, իհարկե, մենք առավել քան գոհ ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից եւ պատրաստ ենք ամեն կերպ զարգացնելու դրանք»,- հայտարարել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։
Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր լարվածություն հաղորդեց նաեւ այս տարվա հունվարի 19-ին ԵՄ-ին Հայաստանի միանալու օրինագիծը ընդունելու վերաբերյալ Կառավարության ընդունած որոշումը։
Մոսկվայից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ նման օրինագծի ընդունումը դիտարկելու են ԵԱՏՄ-ից դուրս գալու հայց։