Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի Իրանի ժողովրդին վնաս պատճառող յուրաքանչյուրին:
«Նրանք [ամերիկացիները] պետք է իմանան, որ մենք երբեք հակամարտություն չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է պատճառում [Իրանին], ծանր ապտակ կստանա»,- ասել է Խամենեին իրանական 1404 թվականի Ամանորի իր ուղերձում։
Ըստ Խամենեիի՝ ԱՄՆ և եվրոպացի քաղաքական գործիչները սխալվում են, երբ տարածաշրջանի դիմադրության օջախներն անվանում են իրանական պրոքսի ուժեր, քանի որ բոլոր այն երկրները, որոնք դեմ են պաղեստինցիների դեմ Իսրայելի ագրեսիային, ունեն իրենց դիրքորոշումը։
«Թեհրանը պրոքսի ուժերի կարիք չունի»,- նշել է Իրանի առաջնորդը։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանը կանգնած է Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հարձակումների հետեւում, եւ նշեց, որ եթե նոր հարձակումներ լինեն, ԱՄՆ զինուժը չի սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներ հասցնելով։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին եւ միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում նշել էր, որ Թեհրանը դատապարտում է Վաշինգտոնի ռազմատենչ հռետորաբանությունը եւ կտրականապես մերժում հութիների հարձակումներին Իրանի ենթադրյալ մասնակցության մասին Թրամփի հայտարարությունները: