ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի է, քանի որ Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձեւակերպենք՝ առանց սրբագրումների կամ առանց շպարի, նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք՝ քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրելու եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա: Բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումն այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումն ամփոփելով՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Այս համատեքստում Փաշինյանը կրկին ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի եւ օրակարգային հարց է, եւ Երեւանը առաջիկայում ինքնուրույն կնախաձեռնի այդ հարցի քննարկումը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում պահանջում է Բաքուն՝ նշելով, որ դա խաղաղության պայմանագրի ստորագրման կարեւոր նախապայմաններից է։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։
Նշենք, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններին՝ արդեն հինգերորդ օրն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է իբր հայկական զինված ուժերի կողմից սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։