ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է Իրանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը կարգավորելու խաղաղ ճանապարհներով, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը ուժ չի կիրառի։ Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մեզ հարկավոր չէ բոլոր հարցերը լուծել ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ հասցնեն որոշակի սահմանագծի, մենք չենք դիմի ռազմական գործողությունների։ Մենք դա կանենք որոշակի հանգամանքներում»,- նշել է Ուիթքոֆը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կանխելու Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ստեղծումը։
Թրամփի նրկյացուցիչը նշել է, որ իրավիճակը մոտենում է «կրիտիկական կետին», սակայն Իրանը դեռեւս կարող է հրաժարվել իր ծրագրից։
«Սա է մեր ուղերձը Իրանին՝ եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջը եւ տեսնենք՝ արդյոք կարող ենք երկխոսության միջոցով, դիվանագիտության միջոցով հասնել ցանկալի արդյունքի […]։ Եթե ոչ, ապա այլընտրանքը շատ լավը չէ»,- հայտարարել է Ուիթքոֆը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը Իրանին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային համաձայնագիր կնքելու համար։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր հերթին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության միջուկային զինանոց չունենալու միակ պատճառը երկրի կամավոր հրաժարումն է այդ զենքից։