Կիրակի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացել են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մասնակի հրադադարի հարցերի շուրջ բանակցությունները։
Հանդիպման մեկնարկի մասին հայտնել էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքերով՝ օրակարգում են էներգետիկ եւ ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգության ապահովման առաջարկները։ «Այսօր մենք աշխատում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցերի վրա. մեր պատվիրակության կազմում են էներգետիկ ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»,- գրել է Ումերովը։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշեց, որ Ռիադում արդեն տեղի են ունեցել ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների երկու հանդիպումներ։ «Մեր թիմն աշխատում է բացարձակ կառուցողական ձեւով, զրույցը բավականին օգտակար էր։ Պատվիրակությունների աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է Զելենսկին։
Ուշ երեկոյան Ումերովը հայտարարեց հանդիպման ավարտի մասին։ «Զրույցը կառուցողական եւ բովանդակալից էր, քննարկվեցին հիմնական հարցերը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում»,- գրել էր նա։
Ամերիկյան կողմը դեռեւս չի մեկնաբանել հանդիպումը։ Սպասվում է, որ երկուշաբթի նույն տեղում՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, ԱՄՆ պատվիրակությունը կհանդիպի նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է Ռիադում թե՛ ուկրաինական եւ թե՛ ռուսական կողմի հետ անուղղակի բանակցությունների մասին մեկ հարթակում։ Նա նշել է, որ բանակցությունների թեմաներից մեկը կարող է լինել նաեւ Սեւ ծովում ռազմական գործողությունների դադարեցումը։ Բացի այդ, ըստ Ուոլցի, խոսք կլինի հնարավոր հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմների մասին։
Ռիադի բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն էլ դրական էր գնահատել Ուկրաինայում հրադադարի հաստատման հնարավորությունը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակում։ Սակայն նա ընդգծել է, որ չի հավատում, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի որեւէ երկրի վրա։ Ուիթքոֆի խոսքերով՝ նա տարբերություն է տեսնում այսօրվա հակամարտության եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի միջեւ։