Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մարտի 24-ի առավոտյան մեկնարկել են Ուկրաինայում զինված հակամարտության հնարավոր կարգավորման հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունները։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում են Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: Այդ մասին հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցները։
ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի օգնականները։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կձգտի առաջընթացի հասնելու Սեւ ծովում հրադադարի հաստատման եւ Ուկրաինայում բռնությունների լայնածավալ դադարեցման հարցում։
Նախօրեին էլ Ռիադում կայացել էր ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում մասնակի հրադադար հաստատելու հարցը։
Հանդիպման ավարտից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը տեղի ունեցած զրույցը բնութագրել է «կառուցողական եւ բովանդակալից»՝ նշելով, որ պատվիրակությունները քննարկել են հիմնական հարցերը, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռիադում տեղի ունեցած բանակցությունները կարելի է որակել «անուղղակի բանակցություններ մեկ հարթակում»։
Մարտի 18-ին կայացել էր Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որը տեւել էր շուրջ երկուսուկես ժամ։ Բանակցություններից հետո Կրեմլն ու Սպիտակ տունը դրա բովանդակության վերաբերյալ հայտարարություններ տարածեցին, որոնցում շեշտադրումները որոշ չափով տարբեր են։
Այսպես՝ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինը բարձրացրել էր հրադադարի պարագայում Ուկրաինային ռազմական մատակարարումների դադարեցման հարցը։ Մինչդեռ Թրամփը հայտարարել է, որ այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել։
Ավելի վաղ Ուկրաինան ընդունել էր Ռուսաստանի հետ 30-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Ռուսաստանի նախագահը սկզբունքորեն չի մերժել այն, սակայն ներկայացրել է մի շարք պահանջներ։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է սահմանափակ հրադադարի, մասնավորապես՝ հրաժարվել էներգետիկ օբյեկտների հարվածներից, ինչպես նաեւ դադարեցնել ռազմական գործողությունները Սեւ ծովում։
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է ներառի ոչ միայն էներգետիկ, այլեւ մյուս ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ հարվածներից հրաժարումը։