Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շուրջ 15 միլիոն ձայն է հավաքել Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (CHP) նախնական ընտրություններում, որոնց ընթացքում որոշվել է երկրի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուն։ Այս տվյալները, ըստ NTV-ի, Ստամբուլում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։
Մարտի 19-ին Իմամօղլուն եւ նրա մի քանի տասնյակ աջակիցներ ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով։
Թուրք քաղաքական վերլուծաբանները Ստամբուլի քաղաքապետին համարում էին գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Իմամօղլուի ձերբակալությունը, որը տեղի ունեցավ նախնական ընտրություններից մի քանի օր առաջ, Էրդողանի ընդդիմախոսների կողմից ընկալվեց որպես մրցակցին վերացնելու փորձ։
Իմամօղլուի նկատմամբ հարուցված քրեական գործը բողոքի ցույցերի պատճառ է դարձել նրա աջակիցների շրջանում, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր եւ ուղեկցվում են զանգվածային ձերբակալություններով։