Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից սկսած զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, այդ մասին հայտարարել է տեղի առողջապահության նախարարությունը մարտի 24-ին։
CNN-ի հաղորդմամբ՝ պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ միայն նախորդ օրը Իսրայելի հարվածների հետեւանքով զոհվել է 41 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 50 021-ի։ Նշվում է, որ պաղեստինյան աղբյուրները չեն տարբերակում զոհված խաղաղ բնակիչներին եւ ՀԱՄԱՍ-ի մարտիկներին։
Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հրամանատարությունը, որին ամերիկյան լրատվամիջոցը դիմել էր մեկնաբանությունների համար, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի «վերահսկողության ներքո գործող» առողջապահության նախարարության տվյալները «լի են անհամապատասխանություններով եւ կեղծ եզրակացություններով»։
Մասնավորապես, Իսրայելի բանակը նշել է, որ նախարարությունը հակված է «գրանցելու նաեւ մահեր, որոնք կապված չեն հակամարտության հետ, օրինակ՝ բնական մահերը»։ Իսրայելական կողմը շեշտել է, որ ամեն ինչ անում է քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հաստատված հրադադարը դադարեց մարտի 18-ին։ Նույն օրը Իսրայելը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսման մասին՝ պատճառաբանելով, որ իբր ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ առաջարկն ընդունելուց։