Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 24-ի նիստում դրական եզրակացություն է տվել Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է:
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը:
«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է» պարբերությունը վերաշարադրվել է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության` Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության լրամշակված տարբերակի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին:
«Եվրաքվեի» այս նախագիծը դեռ հունվարի 9-ին հավանության էր արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի շուրջ դրական եզրակացություն տվել է հունվարի 24-ին:
Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում: