Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի «Նասեր» հիվանդանոցին հասցված իսրայելական ավիահարվածի հետեւանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի բարձրաստիճան անդամ Իսմայիլ Բարհումը, հայտնում է պաղեստինյան շարժումը։
Հայտնի է, որ Բարհումը բուժում էր ստանում ավելի վաղ իր տան ռմբակոծության ժամանակ ստացած վիրավորումից։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածի հետեւանքով հիվանդանոցում զոհվել է նաեւ 16-ամյա պատանի։
Հարձակման կադրերը հայտնվել են նաեւ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման մեջ։ Դրանցում երեւում է հիվանդանոցի հարկերից մեկում բռնկված հրդեհը։
ع الهواء مباشرة
وأمام العالملحظة قصف مستشفى ناصر على الهواء مباشرة.. pic.twitter.com/8dS8zLB4wK
— Osama Dmour (@OsamaDmour5) March 23, 2025
Իսմայիլ Բարհումի սպանության մասին հայտնել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ նրան անվանելով «Գազայում ՀԱՄԱՍ-ի նոր վարչապետ», որը փոխարինել էր նախորդ վարչապետ Իսամ ալ-Դաալիսին, որը սպանվել էր մի քանի օր առաջ։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ հիվանդանոցին հարվածը հասցրել է բարձր ճշգրտություն ունեցող զինատեսակով՝ «լայնածավալ հետախուզական տվյալների հավաքման գործընթացից հետո», որպեսզի հնարավորինս նվազեցվի կողմնակի վնասը։
Բարհումը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի չորրորդ անդամն է, որը սպանվել է մարտի 18-ին Գազայի հատվածում Իսրայելի բանակի ռազմական գործողությունների վերսկսումից հետո։ 2024 թվականին Եվրամիությունը նրա նկատմամբ սահմանել էր պատժամիջոցներ՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործունեությանը ներգրավված լինելու համար։
The Times of Israel-ի տվյալներով՝ 2021 թվականին ընտրված ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի 20 անդամներից 11-ը արդեն սպանվել են, իսկ եւս յոթը «մեծ հավանականությամբ» գտնվում են Գազայի հատվածից դուրս։