Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բացակայում է ուղիղ երկխոսության հնարավորությունը, որը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներով եւ առավելագույն ճնշման քաղաքականությամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս հարցում մեր դիրքորոշումը լիովին հստակ է։ Իրանը առավելագույն ճնշման քաղաքականության եւ հնչող սպառնալիքների պայմաններում չի գնա ուղիղ բանակցությունների ԱՄՆ-ի հետ, քանի դեռ հակառակ կողմի մոտեցումը Իրանի եւ իր ժողովրդի նկատմամբ չի փոխվել։ Հաշվի առնելով ամենօրյա մեղադրանքներն ու քաղաքականությունը՝ մենք չենք գնա ուղիղ բանակցությունների, բայց անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է»,– ընդգծել է նա SNN հեռուստաալիքի եթերում։
Արաղչիի խոսքերով՝ Թեհրանի գլխավոր նպատակը երկրի եւ ժողովրդի շահերի պաշտպանությունն է, եւ իշխանությունները «բաց չեն թողնի որեւէ հնարավորություն» այդ նպատակի իրագործման համար։
Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկով։
Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, շեշտել էր, որ Իրանը չի վարի երկխոսություն ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են միայն իր շահերը։
Մարտի 12-ին Խամենեին Թրամփի խոսքերը բանակցությունների պատրաստակամության մասին որակել էր «համաշխարհային հանրային կարծիքը մոլորեցնելու փորձ»։