Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ մարտի 24-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հայկական կողմի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկկողմ օրակարգային հարցեր՝ կարեւորելով քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:
Միրզոյանն ու Լավրովը նաեւ անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջեւ կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին եւ մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:
Ռուսական կողմն էլ նշում է, որ արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հրատապ հարցերը։
«Նշվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ Մոսկվայում բարձր գնահատականի արժանացած առաջընթացը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Տեքստի եզրափակիչ մասում ավելացվում է, որ նախարարները քննարկել են նաեւ առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցն ու դրանց բովանդակային կողմը։