Իսրայելը պատրաստ է քննարկելու Իրանի միջուկային ծրագրին առնչվող ռազմական լուծման հարցը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Բեն Ցվին։
«Բոլոր տարբերակները բաց են»,– ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իսրայելը պատրաստ է դիտարկելու ռազմական տարբերակները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը լուծելու համար։
Մեկնաբանելով ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդների վերջին հեռախոսազրույցը՝ Բեն Ցվին նշել է, որ այն հույս է ներշնչում, բայց միայն այն դեպքում, եթե վերածվի իրական գործողությունների։
«Չպետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն իսկապես սերտ համագործակցություն ունի Իրանի հետ։ Եթե Ռուսաստանը այդ համագործակցության միջոցով կարող է ազդել, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վրա, ապա դա իսկապես շատ կարեւոր քայլ կլինի։ Սա, այո՛, հույս է ներշնչում»,– ընդգծել է դիվանագետը։
«Գիտեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ կձեռնարկի որոշակի քայլեր այս ուղղությամբ։ Եթե Իրանը համաձայնի դրան եւ դադարեցնի ամեն օր Իսրայելը աշխարհի երեսից վերացնելու սպառնալիքները, ապա, իհարկե, ավելի խաղաղ գործընթացի հնարավորություններ կստեղծվեն։ Իսկ եթե ոչ, ապա բոլոր տարբերակները բաց են»,– հավելել է Բեն Ցվին։
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, ընդգծել էր, որ իր երկիրը չի վարելու երկխոսություն ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են միայն սեփական շահերը։
Մարտի 12-ին Խամենեին Թրամփի խոսքերը բանակցությունների պատրաստակամության մասին բնորոշել էր «աշխարհի հասարակական կարծիքը մոլորեցնելու փորձ»։