Վաշինգտոնն ու Կիեւը քննարկում են ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանները կառավարելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը։
Թրամփը նաեւ սպասում է, որ ԱՄՆ-ը եւ Ուկրաինան մոտ ժամանակում կստորագրեն օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ Նրա խոսքերով՝ Կիեւն ու Վաշինգտոնը ներկայում քննարկում են տարածքային հարցը եւ հնարավոր բաժանարար գծերը։
«Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին։ Խոսում ենք բաժանարար գծերի մասին, խոսում ենք էներգետիկայի մասին, էլեկտրակայանների սեփականության մասին։ Ոմանք ասում են, որ էլեկտրակայանը պետք է պատկանի Միացյալ Նահանգներին… քանի որ մենք ԱԷԿ-ների կառավարման փորձ ունենք»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 11-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը եւ Կիեւը համաձայնեցրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը, իսկ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են «որքան հնարավոր է շուտ» կնքել այն։ Դոնալդ Թրամփը դեռեւս մարտի 20-ին էր հայտարարել այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրման մասին։ Financial Times-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը քննարկում է փոխել օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի պայմանները՝ դրանում ներառելով նաեւ Ուկրաինայի կարեւորագույն էներգետիկ օբյեկտներին հասանելիություն ստանալու հարցը։
Ուկրաինական ատոմային էլեկտրակայանների «ամերիկյան սեփականության» քննարկման մասին առաջին անգամ հայտնի դարձավ մարտի 19-ին՝ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ Այն ժամանակ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ուկրաինական ԱԷԿ-ների «ամերիկյան սեփականությունը» համարել է դրանց «լավագույն պաշտպանությունը»։ Զելենսկին, սակայն, պնդել էր, որ Թրամփի հետ չի քննարկել ուկրաինական ատոմային էլեկտրակայանների՝ ԱՄՆ-ին փոխանցման հարցը։ «Նրանք [ԱՄՆ-ն] ուզում են այն [Զապորոժիեի ԱԷԿ-ը] խլել ռուսներից եւ ցանկանում են ներդրումներ կատարել, արդիականացնել։ Դա այլ հարց է։ Դա բաց հարց է»,- նշել էր նա։
Մարտի 23-ին Ռիյադում կայացել էր Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը։ Ուկրաինական կողմը հայտնել էր, որ բանակցություններն առնչվել են էներգետիկ անվտանգության եւ ենթակառուցվածքների օբյեկտների անվտանգության առաջարկներին։ Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները։