Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտ են ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը մարտի 24-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Մենք մոտ ենք դրան, սա է հետաքրքիր։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել լիակատար հրադադարին, որքան հիմա»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը ներկայում աշխատում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Սեւ ծովում հրադադար հաստատելու ուղղությամբ, որից հետո կողմերը կկարողանան քննարկել հետագա հարցերը։ Բրյուսը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հասնել «Սեւ ծովում խաղաղ առեւտրային գործունեության լիակատար վերականգնման»։
Խոսելով հնարավոր խաղաղության համաձայնագրի մասին՝ Բրյուսը նշել է, որ «երկու կողմերն էլ ստիպված կլինեն գնալ փոխզիջումների»։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է մարտի 24-ին Ռիյադում։ Բանակցությունների հիմնական թեման Սեւ ծովում ռազմական գործողությունների դադարեցումն է։
ԱՄՆ-ի ներկայացուցիչները մարտի 23-ին էլ բանակցություններ են վարել Ուկրաինայի պատվիրակության հետ։ Ակնկալվում է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտից հետո կարող է կայանալ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների նոր հանդիպում։