Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում երեկ՝ հունվարի 24-ին մեկնարկած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները տեւել են ավելի քան 12 ժամ եւ ավարտվել են ուշ երեկոյան։ Այդ մասին հաղորդում են ТАСС-ը եւ «РИА Новости»-ն։
Այն մասին, որ բանակցություններն ավարտին են մոտենում նրանց սկսվելուց մոտ 10 ժամ անց, հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը։
Դրանից հետո կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, հայտնել է ТАСС-ի աղբյուրը, սակայն բանակցություններից հետո դա անել չի հաջողվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը եւ Կրեմլը համաձայնեցրել են հայտարարությունը, որը կհրապարակվի մարտի 25-ին։
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր չեն ստորագրվելու։
ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Էնդրյու Փիքը եւ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Անտոնը։
Կիրակի՝ մարտի 23-ին, Ալ-Ռիադում տեղի էր ունեցել Վաշինգտոնի եւ Կիեւի ներկայացուցիչների հանդիպումը։ Նաեւ հաղորդվել էր, որ մարտի 24-ին ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կանցկացնեն եւս մեկ բանակցային փուլ։
Ավելի վաղ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ը մտադիր է կազմակերպելու անուղղակի բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ։ Սակայն Մոսկվան եւ Կիեւը հայտարարել են, որ հանդիպումները տեխնիկական բնույթի են, եւ կողմերի միջեւ ուղղակի շփումներ նախատեսված չեն։