Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում մեկնարկել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների նոր բանակցային փուլը։ Այդ մասին հայտնում է AFP-ը՝ հղում կատարելով ուկրաինական պատվիրակության աղբյուրին։
Bloomberg-ի տեղեկություններով՝ կողմերը քննարկում են Սեւ ծովում 30-օրյա հրադադարի հնարավորությունը, ինչպես նաեւ էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներից հրաժարվելու հարցը։
Այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատրաստվում են նոր հանդիպում անցկացնելու Սաուդյան Արաբիայում, հայտնի էր դարձել մեկ օր առաջ։
Կիեւի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունենում ռուս-ամերիկյան բանակցություններից մեկ օր անց, որոնք տեւել էին 12 ժամ։
Reuters-ը, հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին, գրել էր, որ ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքներով սպասվում է «դրական հայտարարություն»։
CBS News հեռուստաալիքի երկու աղբյուրների տվյալներով էլ հայտարարությունը նախատեսվում է հրապարակել Մոսկվայի ժամանակով 11:00-ին։ Զրուցակիցները հայտնել են, որ տեխնիկական խմբի կողմից Թրամփի վարչակազմին տրամադրված հաշվետվությունները «թվում են լավատեսական»։
Մարտի 23-ին Ռիադում տեղի էր ունեցել Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների առաջին հանդիպումը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը այն որակել է «կառուցողական եւ բովանդակալից»։